Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ստից խոսելու «տեղակ» պատժեք մեղավորներին

Ստից խոսելու «տեղակ» պատժեք մեղավորներին
21.11.2008 | 00:00

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ... «ՍԻՐԱՎԵՊ»
«Տարիներ շարունակ մենք ականատես ենք լինում լրագրողների նկատմամբ բռնությունների, ինչի կապակցությամբ բազմիցս կոչ եմ արել իրավապահ մարմիններին` առավել հետևողական լինել մեղավորներին բացահայտելու գործում, սակայն դրանք մինչ օրս չեն բացահայտվել: Այս երևույթներն իրենց մեջ պարունակում են ծայրահեղ վտանգավոր միտումներ և լուրջ սպառնալիք են հանդիսանում երկրում խոսքի ազատության կայացման համար»,- ահա թե ինչ է արձանագրված ՀՀ ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանի` մեր իրականությունը հնարավորինս ճշգրիտ և սեղմ արտահայտող-դատապարտող հայտարարության մեջ, որ տարածվել է 2008 թ. նոյեմբերի 17-ին անհայտ անձանց կողմից «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին ծեծի ենթարկելու առիթով:
Որքան հասկացանք` ոչ միայն ՄԻ պաշտպանի, այլև բազմաթիվ լրագրողական ու ոչ լրագրողական կազմակերպությունների, կուսակցությունների, անհատների զայրույթն առաջ բերած ու դատապարտող հայտարարությունների առիթ տված այս դեպքն այսպես է եղել: Տևական մի ընթացք Բաղդասարյանն ինչ-ինչ մարդկանցից սպառնալիքներ, հեռախոսազանգեր է ստացել` իր մասնագիտական պարտականությունները «ոմանց քիմքին անհաճո եղանակով կատարելու համար», բայց քանի որ էդ մարդիկ այդպես էլ չեն կոնկրետացրել, թե ինչից ու հատկապես որ հրապարակումից են դժգոհ, «միամտվել է»: Մյուս կողմից էլ` չմիամտվե՞ր, ինչ աներ: Ի՞նչ իմանաս, թե նույնիսկ կին լրագրողին «քացու տակ քցելու սիրահար մանիակները» որ պահին, ինչից խրախուսված և մանավանդ` որ անկյունում «գործի կանցնեն»։
Էդիկ Բաղդասարյանի ասելով` իր հետ կատարվածի «հերոսները» այս անգամ առանձնապես սափրագլխի տվյալներ չեն ունեցել և շատ հուշիկ, անձայն են մոտեցել լրագրողին, ով իր հերթին փորձել է Վարդանանց 16/1 («Նարեկացի» արվեստի միության դիմաց) նստել իր ավտոմեքենան ու երեկոյան ժ. 19.50-ի սահմաններում աշխատանքից տուն դառնալ: Ի միջի այլոց, Էդիկն սկզբում նրանցից միայն մեկին է տեսել և երբ կարողացել է «տեղը տեղին հակահարված տալ», հենց այդ պահին հետևից հաջորդն է հարվածել: Իրեն թվացել է` քարով, որովհետև բութ գործիքի զգացողություն է եղել, բայց հիմա բժիշկները չեն բացառում, որ հնարավոր է` հարվածը կաստետով հասցված լինի: Այլ կերպ ասած` հո ահռելի քարո՞վ չէին հարվածելու, իսկ այն վնասվածքը, որ Էդիկն է ստացել` ուղեղի ցնցում և այլն, միայն այդ կերպ է հնարավոր ստանալ:
Այստեղ արդեն ամերիկյան մարտաֆիլմի կամ թումանյանական քառյակի մոտիվն է սկսվում` «Ով իմանա, ուր ընկանք, քանի օրվա հյուր ընկանք» ձևակերպմամբ։ Ինչո՞ւ։ Որովհետև ոչ ոք չգիտե, թե բանն ինչով կավարտվեր, արդյո՞ք մեր գործընկերը ողջ կմնար, եթե հենց այդ պահին մոտակայքում ինչ-որ երիտասարդ չհայտնվեր ու արդեն հիշատակված ամերիկյան մարտաֆիլմի հանգույն` օդ չկրակեր: Հանգամանք, ինչը էս երկու վախկոտ լածիրակին ստիպել է անմիջապես պուկ տալ: Դրանից հետո արդեն երիտասարդն օգնել է Բաղդասարյանին` վերադառնալ Բուզանդի 3/1 հասցեում տեղակայված իր գրասենյակ, որտեղից էլ շտապ օգնություն է կանչվել, իսկ բարի քեռին, այս դեպքում` գազային ատրճանակով կրակած երիտասարդը, անհետացել է։
Երեկ ամբողջ օրը, ի միջի այլոց, «ՀԺ» թղթակիցը փորձել է գտնել երիտասարդին` այստեղ տեղակայված խանութների, օբյեկտների, առհասարակ` մշտապես լինող մարդկանց օգնությամբ, բայց դե` «հայի խասիաթ» է, բոլորը «խոտից ցածր են պառկել, ջրից լուռ կացել, չենք տեսել-չենք լսել-սկի խաբար էլ չենք» ասելով։
Արդյունքում, երբ նույնիսկ վարչապե՛տն առողջապահության նախարարի ուղեկցությամբ այցելեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում «գանգուղեղային վնասվածք, գագաթ-ծոծրակային շրջանի սալջարդ վերքեր» ախտորոշմամբ պառկած Բաղդասարյանին (պարզ չէր միայն, թե վարչապետն ինչո՞ւ այդքան առույգ և ուրախ «ողջույն հղեց» Բաղդասարյանին և ինչո՞ւ, բառիս բուն իմաստով, որոշեց «ոչնչացնել» «Ազատության» թղթակցին, ով համարձակվել էր ասել` պարոն վարչապետ, տեսա՞ք, թե Ձեր «դեղին և ոչ դեղին մամուլ» բնորոշումն ինչի հանգեցրեց, ինչին նա բավականին սառնասրտորեն պատասխանեց՝ ոչ թե ես, այլ դո՛ւք հասցրիք սրան` ձեր անպատասխանատվությամբ), դատախազությունը ճմլկոտալով քնից վերջապես զարթնեց ու ամսի 20-ին նոր որոշեց հարցին գոնե ինչ-որ կերպ արձագանքել։
Արձագանքն էլ մի արձագանք լինի. «Կենտրոն համայնքի ոստիկանությանը հանձնարարվել է դեպքի վայր ուղարկել օպերատիվ-քննչական խումբ… Բաղղասարյանը բացատրություն է տվել, որ 17.11.2008թ. ժամը 19:50-ի սահմաններում, երբ ցանկացել է աշխատավայրից (Երևան, Փ. Բուզանդի թիվ 1/3 շ.) գնալ տուն, անհայտ անձինք, մոտենալով իրեն, սեռական բնույթի հայհոյանքներ են տվել իր հասցեին և հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին»: Հա, մեկ էլ դատախազությունը հաջողել է Էդիկի օգնությամբ վերջապես պարզել, որ կրակողը ոստիկան է եղել, «կրակել է գազային ատրճանակից` հանցագործներին սաստելու նպատակով»: Ըստ դատախազության` «հանցագործները, Է. Բաղդասարյանին ծեծելու ընթացքում, վերջինիս բացատրության համաձայն, որևէ պահանջ չեն ներկայացրել, փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում 17.11.08թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ կետի հատկանիշներով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ»: Ահա և վերջ: Վստահ ենք, որ չնայած դատախազության այս ուշացած արձագանքին, վարչապետի այցին և Սերժ Սարգսյանի խոսնակի այն հաղորդման, թե` «նախագահը հանձնարարել է շտապ գտնել և պատժել հանցագործներին», ամեն բան սրանով էլ կավարտվի, ինչպես ավարտվել է համանման մյուս դեպքերում: Այլ խոսքով` ոչ մի բան էլ չի բացահայտվի, և սա էլ «կգրվի սառույցին»: Հանգամանք, ինչն օտարների համար այնքան զարմանալի է, որ դեպքի վայրում հայտնված մի արտասահմանցի, ծանոթներիցս մեկի վկայությամբ, բերանը բաց կանգնել է ու ծանոթիս հարցրել` «Նկարահանո՞ւմ է»։
Ի միջի այլոց, երեկ ՀՀ ժուռնալիստների միությունը, Երևանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «ԹԻՄ» հետազոտությունների կենտրոնը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան» հ/կ-ն, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Ա1+» հ/ը-ը, հետաքննական լրագրության «Scoop» դանիական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիան հանդես են եկել միասնական դատապարտող հայտարարությամբ, որում հստակ նշել են, որ «հարձակումն անմիջական կապ ունի լրագրողի մասնագիտական գործունեության հետ: Արդեն որերորդ դեպքն է, որ լրագրողները ենթարկվում են ստոր հաշվեհարդարի, իշխանությունները հավաստիացնում են, թե ամեն ինչ անելու են՝ չարագործներին հայտնաբերելու համար, սակայն հանցագործությունները մնում են չբացահայտված, կատարողներն ու կազմակերպիչները` անպատիժ: Եվ այդ անպատժելիությունն արձակում է նրանց ձեռքերը, ովքեր կցանկանային լռեցնել ազատ խոսքը: Մենք դատապարտում ենք այս բռնարարքը և կոչ ենք անում իշխանություններին` հերթական անգամ սին խոստումներ տալու փոխարեն բացահայտել հանցագործությունն ու պատժել մեղավորներին»,- ասված է հայտարարության մեջ, ինչին «Իրավունքը de facto»-ն ևս միանում է:
Ինչ վերաբերում է այն անողնաշարներին, որոնք էս ու էն պատի տակ շշնջում են, թե` իսկ ի՞նչ գիտեք, որ եթե լրագրող է, ուրեմն, անպայման «մասնագիտական պարտքի կատարման պատճառով է ծեծվել, կարող է` ուրիշ բան կա մեջտեղը», դրանց մեր պատասխանը մեկն է՝ ինչո՞ւ եք դուք էդպես համոզված, որ «մեջտեղում ուրիշ բան կա»: Չլինի՞ մեր կանանց ու աղջիկներին դուբայներում ապրանքի պես վաճառողներին օգնող մեր իրավապահներն են ձեզ ոգեշնչել կամ հուշել էդ հարցում, ինչին, ի դեպ, Էդիկը միշտ էր արձագանքում: Իսկ, գուցե, Բաղդասարյանի մեկ այլ հերոս` ՀՀ բանանի ներմուծման մենաշնորհը «ստանձնած» «Քեթրին գրուպի» տեր, ԴԱՀԿ շեֆ Միհրան Պողոսյա՞նն է ձեր հետևում կանգնած, ով, պարզվում է, Հայաստանում նաև բանան է «աճեցրել» և Էդիկի հետաքննության արդյունքներով` միայն 2006-ին… Բահամյան կղզիներ է արտահանել 3002,2 տոննա բանան: Վրաստանն ու այլ երկրները չհաշված: Բոյով-սիրուն տղա է, հարց չկա, բայց դա հո չի՞ նշանակում, որ «իր և հանքարդյունաբերության շուրջ այդքան ֆռֆռացող» Էդիկից նախկին բնապահպանության նախարարը չէր կարող «չազդվել»: Նույնիսկ «Հայլուրն» էր նկատել, որ Բաղդասարյանը վերջերս շատ էր անդրադարձել ապօրինի ծառահատումներին, ինչի առիթով կոնկրետ Լոռիում վարչապետ Տիգրան Սարգսյանը ծառայողական հետաքննություն էր անցկացրել, կան պատժվածներ:
Էնպես որ, ճիշտ է ասված վերևում. «հերթական անգամ սին խոստումներ տալու փոխարեն» իշխանությունները լավ կանեն բացահայտեն հանցագործությունն ու վերջապես գոնե մի անգամ պատժեն մեղավորներին, թե չէ այսուհետ լրագրողներն էլ իրենց հերթին են ստիպված լինելու «սեփական հետաքննությունն անցկացնել` դրանից բխող բոլոր հետևանքներով»։
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 6220

Մեկնաբանություններ